Հայաստանի հյուսիսում երկաթգծի Վանաձոր-Ֆիոլետովո հատվածը չի կարող կառուցվել առանց հայկական կողմի: Այդ մասին դեկտեմբերի 19-ին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին: Նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորման համար ընկերությունն արդեն 8 մլն ռուբլի է ծախսել, բայց ժամանակը գնում է, նախագիծը՝ հնանում, իսկ աշխատանքը կարող է ապարդյուն լինել:
«Մենք հետազոտություններ իրականացրել ենք 2012թ. սկզբին՝ 2011-ի բազային թվերով: Այն ժամանակ օպտիմալ արժեքը գնահատվում է 250 մլն դոլար: Նախագծի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել: Մեր դիրքորոշումը չի փոխվել, նախագիծն իրագործելի է միայն պետության եւ մասնավորի համագործակցության պայմաններում: Չեմ հասկանում, ինչու նախագծի նկատմամբ մյուս կողմից հետաքրքրություն չկա, դա պետք է լիներ»,- ասել է Ռեբեցը:
Երկաթգծի Վանաձոր-Ֆիոլետովո հատվածը եզրափակում է Հայաստանի երկաթգծի ուղղությունը, նաեւ պահուստային եւ ավելի կարճ երթուղի է ստեղծում Երեւանից դեպի վրացական սահման: հատվածի երկարությունը պետք է կազմի 37,8 կմ, նախագիծը ներառելու է 12 կամուրջներ՝ 2648մ երկարությամբ, եւ 1650 մ երկարությամբ թունել:




























