Հաջորդ տարի ավտոմատ մոնիթորինգի համակարգ է ներդրվելու, յուրաքանչյուրը հնարավորություն է ունենալու էլեկտրոնային տարբերակով հետեւել տնտեսվարողի ջրօգտագործման դինամիկային։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմաննն ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։
Նա նշեց, որ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները պետք է դիտարկենք ոչ թե ձկան արժեքի տեսանկյունից, այլ գնագոյացման տեսանկյունից։ «Եթե այս տարվա համար վերցնենք ջրօգտագործման գումարները, արտադրվել է շուրջ 6000-7000 տոննա ձուկ, վճարվել է 29 միլիոն դրամ։ Եթե նախկինում ձկնաբուծության նպատակով ջրօգտագործման համար բնօգտագործման վճարը կազմում էր մեկ-երկու դրամ, ապա օրենքում փոփոխություններից հետո այն դառնում է 25 դրամ։ Չեմ կարծում, թե լուրջ տնտեսական վնասներ կլինեն, ես հարցին չեմ նայում տնտեսական տեսանկյունից, բայց նաեւ իրենց համար է ձեռնտու տնտեսական առումով, որ ավելի շատ արտադրանք կտան»,- ասաց Արամ Հարությունյանը։ Նա նաեւ շեշտեց, որ ձկնային տնտեսությունները տարիներ ի վեր կամավոր համագործակցել են իրենց հետ եւ վստահ է, որ կշարունակեն համագործակցել։
Անդրադառնալով հաջորդ տարվա ծրագրերին՝ նախարարը կարեւորեց Սյունիքում կենսոլորտային պայմանների ստեղծելը, նոր «Խուստուփ» արգելավայրի ստեղծումը։ Ինչ վերաբերում է բացթողումներին, Արամ Հարությունյանը կես կատակ, կես լուրջ ասաց՝ «բացթողում ենք ունեցել 400 հազար մանրաձուկի տեսքով», իսկ ավելի լուրջ նա առանձնացրեց փայտանյութի, որսագողության, ձկնագողության դեպքերը։




























