Մեր նախարարները խոսում են ոչ միայն հաջողությունների մասին, նաեւ արատավոր երեւույթների եւ թերությունների մասին։ Այս նորամուծությունը ցույց տվեց, որ մեր ընդդիմախոսները դրան պատրաստ չէին։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե 2008թ. Հայաստանում աղքատների թիվը 20 տոկոս էր, իսկ հինգ տարի անց՝ 30 տոկոս, մինչդեռ նախարարները խոսում են միայն հաջողությունների մասին:

«Մեր կուսակցության եւ կառավարության կարեւորագույն խնդիրներից մեկը աղքատության խնդիրն է։ Այդ ցուցանիշների հետեւում հազարավոր մարդիկ են կանգնած, որոնց կենսամակարդակը ցածր է։ Այս խնդիրը մեզ մոտ առաջացել է 1992-93 թվականներին; Այդ տարիներին աղքատությունը հասել էր 94 տոկոսի։ Այս տարիներին մեզ դեռեւս չի հաջողվել ձեւավորել միջին խավ, որը ցանկացած հասարակության շարժիչ ուժն է։

Այսօր ծայրահեղ աղքատության շեմը 20 հազար դրամ է, միայն այս վիճակագրական տվյալներով ճշգրիտ պատկերը չենք ստանա։ Միայն 20 հազար դրամով ոչ ոք չի կարող իր կարիքները հոգալ։ Սոցիալապես անապահովների թիվն ավելի շատ է, քան 32 տոկոսը»,- ասել է վարչապետը։

Նա նշել է, թե ինչպես են լուծելու այդ խնդիրը: «Առաջին հերթին աշխատատեղերի խնդիրը լուծելն է, որը կապահովի բարձր աշխատավարձ, առնվազն 150 հազար դրամ աշխատավարձ ապահովող աշխատատեղեր, որ լուծվի աղխատության խնդիրը։ Այդպիսի աշխատավարձով աշխատատեղեր ստեղծելը մեր թիրախն է։ Մենք համարձակություն ունեցանք հայտարարելու, որ պետությունը  կրում է պատասխանատվություն նման աշխատատեղեր ստեղծելու առումով։ Մենք մասնավոր հատվածի հետ միասին մշակել ենք արդյունաբերական քաղաքականություն եւ 12  ոլորտներում ծրագրեր ենք իրականացնում»,- ընդգծել է վարչապետը եւ հավելել. «Երկրորդ պատճառը աղքատություն ծնող, գիտելիքն է եւ կրթության հասանելիությունը։ Այսուհետեւ ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է խոչընդոտ լինի կրթության համար։ Ցանկացած երիտասարդի պետությունը երածշխավորում է որ նա կրթություն կստանա, 4,5 հազար երիտասարդների համար դա ապահովվել է»։