Հայաստանում գոյություն ունի օլիգոպոլիաների խնդիր, դրա դեմ պայքարելը հեշտ չէ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նա նշեց, որ Կառավարության ծրագրում մատնանշված է մի կարեւորագույն քաղաքական դրույթ, թե որ դեպքում մենք կարող ենք համարել, որ մեր հինգ տարվա գործունեոության ծրագիրը ավարտվել է հաջողությամբ, այդ կետը վերաբերում է մրցակցային դաշտ ստեղծելուն, օլիգոպոլիաներին. «Եթե չհաջողվի էական փոփոխություն արձանագրել, կհամարենք, որ ունենք լրջագույն բացթողում, օլիգապոլիաների նկատմամբ պայքարը հեշտ պայքար չէ, ԽՍՀՄ-ի փլուզումից հեոտ տնտեսական համակարգը փլուզվեց, այն ոլորտները, որտեղ տեղի ունեցան վերականգնում, աճ, դրանք գտնվում են մի փոքր խմբի հսկողության տակ, իսկ սոցիալական բեւեռվածությունը ունի էական ազդեցություն բոլոր երեւույթների վրա»,- ասաց Տիգրան Սարգսյանը։
Վարչապետը ընդունեց, որ Հայաստանում գոյություն ունի օլիգոպոլիաների խնդիր, մի կողմից՝ պետք է դրանց դնել հսկողության տակ որոշակի չափանիշների ներքո եւ տարեցտարի օրենքները խստացնել, մյուս կողմից՝ ստեղծել լայն դաշտ փոքր եւ միջին բիզնեսի համար, քանի որ Հայաստանը կարող է ապագա ունենալ, եթե ձեւավորվի միջին խավ, իսկ եթե դա չլինի, կնշանակի, որ մենք վտանգում ենք մեր երկրի ապագան։
«Երբեմն այդ պայքարը թեժանում է, եւ մենք միանգամից տեսնում ենք այն լրատվամիջոցների հարձակումներից, որոնք ֆինանսավորվում են օլիգարխների կողմից, հենց դրանք ուժեղանում են, նշանակում է՝ ինչ-որ ցավոտ կետի ենք կպել եւ պետք է բարեփոխումները հասցնել ավարտին, երբեմն տիրում է հանդարտություն, ուրեմն ինչ-որ բան սխալ է, ինչ-որ մի տեղ թերացել ենք, եթե այդ ուժերի կողմից չկա վարչապետի հասցեին քննադատություն»,- ասաց Տիգրան Սարգսյանը։
Նա նշեց, որ այդ նպատակով ստեղծել են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հարցերով հանձնաժողովը, որը մեկ նպատակ ունի՝ մարդիկ չգան քաղաքական դշատ հովանավորելու իրենց բիզնեսը, սահմանել չափանիշներ։ Նա նշեց, որ առաջին քայլը կատարել են՝ ընդունելով օրենք էթիկայի հանձնաժողովի մասին եւ թիրախավորելով 500 բարձրաստիճան պաշտոնյաների, իսկ նախկինում 18 հազար պաշտոնյա էր ներկայացնում հայտարարգիր, ինչը արդյունավետ չէր։ «Մենք հրաժարվեցինք այդ մոդելից եւ որոշեցինք, որ 500 պաշտոնյա է ներկայացնում, ավելին՝ որոշեցին, որ այդ հայտարարագրերը լինելու են հրապարակային։ Կարեւորագույն գործոնը, որ ազդելու է մեր քաղաքական դաշտի վրա, հրապարակային հսկողությունն է քաղաքական գործիչների նկատմամբ։ Ապագա երեք տարիների ընթացքում մտադիր ենք ուժեղացնել էթիկայի հանձնաժողովը, տրամադրել լրացուցիչ գործիքներ եւ հնարավորություններ, պետք է լինենք վճռական, մեզնից պահանջվելու է քաղաքական կամքի դրսեւորում»,- ասաց Տիգրան Սարգսյանը։
Ինչ վերաբերում է 2018թ նախագահական ընտրություններին, վարչապետն ասաց, որ իրենց քաղաքական թիմը այդ հարցը չի քննարկել, իրենց օրակագարում այդ հարցը չի եղել,երբ քննարկի, տեղյակ կպահեն արդյունքների մասին։





























