Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրերը հաջողված են: Այս մասին նա հայտարարել է ընթացիկ տարվա ամփոփման վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ:
Վարչապետն ընդգծել է, որ դրանք ստորագրելով՝ Հայաստանն իրավունք է ստացել արտոնյալ պայմաններով գազ ստանալու. «Մեր քաղաքացիները ու տնտեսվարող սուբյեկտները երաշխավորված են, որ գազի թանկացումը, ինչպես որ դա եղել է Մոլդովայում, Բելառուսում, Ուկրաինայում, իրենց չի վերաբերի: Համաձայնագրի ստորագրումը հաստատել է խաղի կանոնները»:
Վարչապետն ափսոսանքով է փաստել, որ փաստաթղթերի ստորագրումը բազմաթիվ սպեկուլյացիաների պատճառ է դարձել, ինչի արդյունքում դրանց էությունը ստվերում է հայտնվել: Ըստ նրա՝ կարեւորն այն է, որ հինգ տարիների ընթացքում Հայաստանում գազի գինը ձեւավորվեու է ներռուսական գների հիման վրա, եւ երեսուն տոկոս հարկը չի կիրառվելու: «Դա էր բանակցությունների նպատակը»,-ընդգծել է վարչապետը:
Պարզաբանելով, թե ինչպես էին ընթանում բանակցություններն ու ինչու դրանց մասին մանրամասն ոչինչ չի հաղորդվել, Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ հայկական կողմը չէր կարող համաձայնել «Գազպրոմի» սակագներին, որոնց համաձայն՝ սակագինը սպառողների համար երկու անգամ կավելանար: «Հաջողվել է բանակցություններն ավարտել այս տարի ու մենք բոլոր հարցերի շուրջ համաձայնության ենք եկել»,-նշել է վարչապետը:
Ըստ նրա՝ հասկանալի է, որ «Գազպրոմի» ու «ՀայՌուսգազարդի» հարաբերություններում հարցեր են ծագել, քանի որ մատակարարումն իրականացվում էր պայմանագրային գներով, սակայն սպառողները այլ գներով էին ստանում՝ հաշվի առնելով ընթացող բանակցությունները: Բանակցությւոնների արդյունքում Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են կուտակված պարտքը հավասարաչափ կիսել, ընդ որում այնպես անել, որ դա չանդրադառնա ընթացիկ մատակարարումների վրա: Այդ է պատճառը, որ կանգ առան «ՀայՌուսգազարդի» քսան տոկոս բաժնետոմսերի վրա:
Նա միեւնույն ժամանակ հիշեցրել է, որ գազի սակագինը կարգավորում է պետությունը: «Այդ առումով քսան տոկոս բաժնետոմսերը զիջելը սպառնալիք չի հանդիսանում: Բոլոր որոշումները մենք համակարգում ենք»,-հավաստիացրել է Սարգսյանը:





























