Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի գործարար շրջանակների, զբոսաշրջային ու գովազդային ոլորտի, ինչպես նաեւ քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ներկաներին ուղղված ողջույնի խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առանձնակի կարեւորելով քաղաքապետարան-մասնավոր հատված  համագործակցությունը, ընդգծել է, որ անցնող տարվա ընթացքում մայրաքաղաքում գրանցված ձեռքբերումներում շոշափելի ներդրում է ունեցել նաեւ գործարար աշխարհը. «Պետք է նշեմ, որ անցնող տարին մեր սիրելի մայրաքաղաքի համար նոր ձեռքբերումների տարի էր, եւ մենք եւս մեկ կարեւոր քայլ կատարեցինք Երեւանը երեւանցիների, նաեւ մայրաքաղաքի հյուրերի համար ավելի լավը, ավելի հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելու ճանապարհին: Ուզում եմ արձանագրել, որ անցնող տարվա մեր ձեռքբերումներում առկա է նաեւ ձեր ներդրումը: Նաեւ ձեր աշխատանքի արդյունքում է, որ գործարար աշխարհը հետաքրքրված է Երեւանով եւ տարեցտարի ընդլայնվում է Երեւանի գործարար կապերի աշխարհագրությունը: Զբոսաշրջային ոլորտի մեր գործընկերներն էլ իրենց հերթին նպաստեցին, որ ավելի շատ մարդիկ այցելեն Երեւան, տեսնեն մեր չքնաղ մայրաքաղաքն ու հեռանան՝ կրկին այցելելու հաստատ որոշումով: Երեւանն ավելի ներկայանալի դարձնելու գործում, իհարկե, փոքր չէ նաեւ գովազդային ոլորտի մեր գործընկերների դերը, որոնք տարեցտարի ավելի են կատարելագործվում եւ ամեն անգամ ստիպում նորովի ճանաչել մեր սիրելի քաղաքը:  Կցանկանայի առանձնակի անդրադառնալ նաեւ մեր երիտասարդների աշխատանքին, ովքեր սրտացավ նվիրումով մասնակցեցին համաքաղաքային նշանակության մեր բոլոր ծրագրերին ու իրենց գործով օրինակ հանդիսացան թե իրենց հասակակիցների եւ թե շատերի համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երեւանի քաղաքապետը նաեւ վստահեցրել է, որ գալիք 2014թ.  ընթացքում շարունակական են լինելու մայրաքաղաքի ու նրա բնակչության բարօրությանն ու բարեկեցությանն ուղղված համատեղ բոլոր ծրագրերը. «Համոզված եմ, որ մեր շարունակական համագործակցությունն ավելի ու ավելի ընդգրկուն կդառնա եւ կշարունակի ծառայել մեր սիրելի մայրաքաղաքի ու նրա բնակչության բարօրությանն ու բարեկեցությանը: Նաեւ իմ եւ քաղաքապետարանի աշխատակազմի անունից վստահեցնում եմ, որ շարունակելու ենք լինել բաց եւ պատրաստակամ՝ օժանդակելով հանուն Երեւանի եւ երեւանցու ձեր բոլոր նախաձեռնություններին»,- նշել է քաղաքապետը: