ԱԳՆ-ին հանձնարարվել է վերլուծել իրավիճակը, երբ իմացանք, որ Թուրքիան որոշել է ջրամբարներ կառուցել այն գետերի վրա, որոնք ընդհանուր օգտագործման են համարվում եւ որը կարող է էապես նվազեցնել Հայաստանի ջրային ռեսուրսները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե Թուրքիան ջրային ռեսուրսներ է օգտագործելու, որոնք լրջագույն խնդիրներ են ստեղծելու Հայաստանի համար:
«Դա կարող է մինչեւ 50 տոկոս նվազեցնել մեր ջրային պաշարները։ Մեր իրավաբանները ուսումնասիրում են այդ խնդիրը, թե ինչպես պետք է առաջնորդվենք։ Մենք ունենք փայլուն երիտասարդներ, որոնք պետք է իրենց գիտելիքները ծառայեցնեն, պատրաստեն զեկույցներ, համադրեն միջազգային փորձը, որը կներկայացնեն ԱԳՆ-ին։
Երկրորդ խնդիրը վերաբերում է մեզ, մենք եւս անխնամ ենք վերաբերում ջրային ռեսուրսների հետ։ Նախագահի մոտ ոլորտի գիտակները ներկայացրել էին վերլուծություն, որ այստեղ անհրաժեշտ է պետության միջամտությունը, որ կարգավորենք դաշտ եւ թույլ չտանք խորքային հորերի անարդյունավետ օգտագործումը»,- նշել է վարչապետը:
Նրա խոսքով, դեռեւս տարիներ առաջ օրենքով ձկնաբուծության ոլորտի ընկերություններին տրվել էր մեծ արտոնություն՝ ջրօգտագործման վճարների միայն 5 տոկոսը վճարեն։ «Հաշվի առնելով, որ խորքային հորերի ջրերը օգտագործում են հենց այդ ընկերությունները, արտոնությունը հանվեց եւ հիմա պետք է վճարեն 50 տոկոսը։ Մի կողմից ջուրը արդյունավետ կօգտագործվի, մյուս կողմից պետությունը կունենա լրացուցիչ միջոցներ՝ փակելու համար խորքային հորերի 50 տոկոսը, որոնք անօրինական են գործում։
Դրանով ուզում ենք կարգավորել Արարատյան դաշտի ջրային պաշարները, որոնք վտանգված են»,- նշել է Սարգսյանը։




























