Ես ամենաշահագրգռված մարդն եմ, որ օֆշորային պատմությունը մինչեւ վերջ բացահայտվի, թե ինչպես էր հնարավոր Կիպրոսում գրանցել ձեռնարկություն եւ դրա հիմնադիրների մեջ հիշառակել իմ անունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նա շեշտեց, որ որեւէ առնչություն չունի այդ ձեռնարկության հետ այն պարզ պատճառով, որ երբ դա գրանցվում էր օֆշորային գոտում, այդ օրը եւ այդ ժամին ինքը չի եղել Կիպրոսում եւ ընդհանրապես վարչապետ դառնալուց հետո Կիպրոսում չի եղել, ու այդ ձեռնարկության գործունեության հետ որեւէ առնչություն չունի։ Նա հույս հայտնեց, որ «Հետաքննող լրագրողները» հետամուտ կլինեն եւ այդ տեղեկատվությունը կներկայացնեն հանրության դատին։
«Այդ կինը, ով իմ անունով գրանցել է ձեռնարկություն Կիպրոսում, գրանցել է ձեռնարկություն նաեւ մահացած մարդու անունով, դա այն կինն է, որը կանգնած է այդ օֆշորային սկանդալի հիմքում, ինձ համար հետաքրքիր է, թե պարոն Օսկանյանը ինչ տեղեկատվություն կտա այդ առումով (այդ կինը, ինչպես իր խոսում նշեց հարց հնչեցրած լրագրողը, աշխատել է նախկին արտգործնախարար, այժմ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի հետ՝ ֆոնդում-խմբ), ես կցանկանամ, որպեսզի փարատվեն այդ կասկածները, եւ ճիշտ կլինի, որ այն լրատվամիջոցները, ովքեր այդ թեմային մեծ ուշադրություն են դարձնում, լուսաբանեն այդ դրվագը եւ ներկայացնեն հանրության դատին»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։





























