Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը նախատեսվում է պատրաստել առաջիկա ամիսներին: Այս մասին դեկտեմբերի 27-ի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ենթադրվում է, որ մինչեւ մայիս կնախապատրաստվի Մ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը: Փաստաթղթի նախապատրաստմամբ զբաղվելու են 22 աշխատանքային խմբեր, որոնցում ներառված են երկրի լավագույն մասնագետները: «Պատահական չէ, որ ՄՄ-ի մեր գործընկերները բարձր են գնահատել հայկական թիմի աշխատանքը: Սա նշանակում է, որ պետք չէ թերագնահատել մեր մասնագետներին: Դա վիրավորական է ոչ միայն վարչապետի, իշխանությունների, այլեւ հենց մասնագետների համար: Նրանց ծավալուն աշխատանքի շնորհիվ 4 ամսում մենք «ճանապարհային քարտեզի» շուրջ համաձայնության եկանք», - նշել է Տիգրան Սարգսյանը:
Ըստ վարչապետի` եթե կողմերը կարողանան բոլոր սուր հարցերի շուրջ համաձայնության հասնել, ապա հունիսին Համաձայնագիրը կներկայացվի չորս երկրների խորհրդարանների վավերացմանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ի Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստում ընդունվել էր ՄՄ-ին Հայաստանի անդամակցության «Ճանապարհային քարտեզը»:





























