Հայաստանի կառավարությունը ներդրողների համար պետք է ստեղծի հուսալի վիճակ, դա չի վերաբերում միայն ՌԴ-ին, դա վերաբերում է նաեւ ամերիկացի ներդրողներին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված գազային պայմանագրի այն վիճարկելի կետին, թե ՀՀ-ն չպետք է այնպիսի որոշումներ ընդունի, որոնք կվտանգեն ներդրողների շահերը։
«Նմանատիպ երաշխիքներ մենք պարտավոր ենք տալ, որովհետեւ մարդիկ գալիս են եւ մեր երկրում իրականացնում են ներդրումներ կենսական նշանակության կառույցներում։ Նրանք խնդրում են, որ ներդրողների շահերը չոտնահարվեն, որպեսզի իրենք վնասով չաշխատեն։ Ներդրողների համար պետք է լինեն երաշխավորված խաղի կանոններ, եթե փոխենք մեր օրենսդրությունը, որը կբերի նրանց համար միջավայրի փոփոխության, մենք պարտավոր ենք հաշվի առնել նրանց շահերը։ Այստեղ որեւէ վտանգ ինքնիշխանությանը չկա, ինքնիշխանությանը վտանգ կա այն դեպքում, երբ նրանք չեն ստեղծում ներդրողների համար բավարար պայմաններ»,- ասաց Տիգրան Սարգսյանը։
Տիգրան Սարգսյանը անդրադարձավ նաեւ եվրոբոնդերին՝ դրանք կարեւորելով մի քանի տեսանկյունից, տնտեսական տեսանկյունից դա ցույց տվեց Հայաստանի վարկունակությունը, որ միջազգային ներդրողները պատրաստ են ՀՀ-ին տրամադրել մինչեւ 3 մլրդ դոլար, սա նաեւ կաեւորագույն քաղաքական ազդակ էր, որովհետեւ քաղաքական քարտեզի վրա մեր տեղը արձանագրվեց ներդրողների համար, որոնք հետեւելու են, թե ինչպիսի տնտեսական վիճակ է Հայաստանում՝ հաշվի առնելով, թե տոկոսադրույքներն ինչպես նե տատանվում միջազգային շուկայում, ինչը կարեւորագույն գործիք է վերահսկողության համար միջազգային ներդրողների կողմից։
Իսկ թե ինչու առաջնահերթ մարեցին ռուսական վարկը, Տիգրան Սարգսյանը պարզաբանեց, որ դա ամենաթանկ վարկն էր եւ բոլոր հաշվարկները ցույց էին տալիս, որ ունենալու են ֆինանսական եկամուտներ, ի շնորհիվ այս գործարքի հնարավորություն եղավ լրացուցիչ 10 մլրդ դրամ խնայողություն անել։ «Տնտեսապես ձեռնտու միջավայրում հայտնվեցինք, իսկ մնացած վարկերը ավելի արտոնյալ պայմաններով են, գրանտային էլեմենտը շատ ավելի մեծ է»,- ասաց Տիգրան Սարգսյանը։





























