Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարող խոչընդոտ հանդիսանալ ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու համար: Այս մասին նա հայտարարել է դեկտեմբերի 27-ի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում:

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարության մասին հարցին ի պատասխան վարչապետը նշել է, որ  Ղարաբաղի թեման քննարկվել է Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցության համատեքստում:

«Ղազախստանի նախագահը ստացել է Հայաստանի նախագահի հստակ պատասխանը. Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետեր չկան եւ չեն կարող լինել», - նշել է Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ չնայած Նազարբաեւի հայտարարությանը, 4 երկրներ հավանություն են տվել  «ճանապարհային քարտեզին»:

«Մենք վստահ ենք, որ քաղաքական հարցերը չի կարելի ՄՄ անդամակցության դաշտ տեղափոխել», - նշել է վարչապետը՝ հավելելով, որ օրերս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան նույն կարծիքն էր հայտնել: Ընդ որում` Ղազախստանի կողմից գրավոր առարկություններ չէին եղել:

Այդ համատեքստում Տիգրան Սարգսյանը հիշեցրել էր, որ ԼՂՀ-ի հարցը չի քննարկվել ոչ ԱՀԿ-ին անդամակցելու, ոչ ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունների, ոչ էլ ԱՊՀ-ի հետ ազատ առեւտրի ռեժիմի վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու  ընթացքում: «Կարծում եմ, որ ՄՄ-ն բացառություն չի լինի: Եվ ԼՂՀ-ի հարցը խոչընդոտ չի կարող լինել», - հայտարարել է Տիգրան Սարգսյանը:

Դեկտեմբերի 24-ի Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել էր, որ Ղազախստանը պատրաստ է ստորագրել ՄՄ-ին Հայաստանի անդամակցության  «Ճանապարհային քարտեզը», սակայն հատուկ կարծիքով, քանի որ պահանջում է պարզաբանել ՄՄ-ի սահմանների հարցը` ԼՂՀ-ի հիմնախնդրի հետ կապված: