Հայաստանի կառավարությունը մտադիր է բարեփոխել քաղավիացիայի ոլորտը: Այս մասին դեկտեմբերի 27-ի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է, որ ավիափոխադրումների ազատականացման հարցը բուռն քննարկումների տեղիք է տվել, ինչն էլ հանգեցրել է հայեցակարգի վերանայման: «Ականջալուր լինելով մասնագետների մտահոգությանը՝ մենք որոշեցինք ներգրավել աշխարհահռչակ «Մակենզի» ընկերությանը եւ պատվիրեցինք ավիափոխադրումների ոլորտի արդիականացման եւ զարգացման հայեցակարգ մշակել: Ընկերությունն ամփոփեց արդյունքները եւ ներկայացրեց հայեցակարգը, որն ընկած է կառավարության ծրագրի հիմքում», - նշել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ներկայումս շուկա է մտել հայկական ընկերություն («Էյր Արմենիա»), որը մրցակցում է այլ երկրների ընկերությունների հետ:
Ըստ նրա` ներկայումս ՌԴ-ի հետ ազատականացման մասին համաձայնագիր է ստորագրվել, էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվել է ավարտին հասցնել այլ երկրների հետ բանկցությունները, որը կհանգեցնի թռիչքների քանակի աճին եւ գների նվազմանը: Շարունակում է բաց մնալ մոտակա չվերթների որոշ թռիչքների կարգավորման հարցը: Նախատեսվում է բաժանել գործառույթները` քաղաքական ուղղությունը վերահսկելու է էկոնոմիկայի նախարարությունը, թռիչքների արտոնագրումը եւ անվտանգությունը` առանձին գերատեսչություն: Միջադեպերի մշտադիտարկումն իրականացնելու է առանձին կառույց: Այդպիսով, բարեփոխումներ կիրականացվեն քաղավիացիայում: Տվյալ ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2014թ.:





























