Իմ հասցեին հաճախ են մեղադրանքներ հնչում, որ ես սատարում էի արեւմտամետ դիրքորոշումը, սակայն հետո կտրուկ ռուսամետ դարձա: Այս մասին այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, արդյոք Մաքսային միությանն անդամակցելը ավելի շահավետ է, քան Ասոցացման մասին համաձայնագիրը:

«Նման հարցերի ես մի պատասխան ունեմ. առաջին հերթին մենք հայամետ ենք տրմադրված, եւ միջազգային հարթակում ցանկացած քայլ մի նպատակ է հետապնդում՝ մեր քաղաքացիների ու տնտեսության համար բարենպաստ միջավայր ստեղծել: Այդ տեսանկյունից հարցին պատասխանելով՝ կասեմ, որ մենք միշտ մի քաղաքական սկզբունք ենք ունեցել՝ փորձելով այդ երկու սկզբունքները դիտարկել որպես փոխլրացնող: Վերջին հինգ տարիների ընթացքում ես միշտ կողմ եմ արտահայտվել այդ երկու սկզբունքներին»,-ասել է վարչապետը:

Սարգսյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ եվրոպացի գործընկերների հետ բանակցությունները շարունակվում են: Նա նաեւ հավաստիացրել է, որ ռուսական կողմը բավականին դրական է վերաբերում այդ դիրքորոշմանը. «Նրանք նաեւ հետաքրքրված են, որպեսզի Հայաստանի արտաքին հարաբերությունները ընթանան դիվերսիֆիկացիայի ուղիով ու բարելավի միջազգային կառույցների ու գործընկերների հետ հարաբերությունները: Դա նշանակում է, որ մենք կշարունակենք ԵՄ հետ աշխատանքը ու մեր տնտեսվարող սուբյեկտների համար կփորձենք առավել բարենպաստ պայմաններ ստեղծել»: