Թուրքիայում դեկտեմբերի 17-ի սկանդալային ձերբակալություններից հետո իշխանությունները օրենք էին ընդունել, որ առանց վերադասի գիտության արգելվում է հետաքննություն եւ ձերբակալություններ իրականացնել։ Թուրքիայի պետական խորհուրդը (դատական խորհուրդ-խմբ) չեղյալ է հայտարարել հիշյալ օրենքը։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները «մեծ կաշառք» գործով սկանդալային ձերբակալություններից հետո օրենք էին ընդունել, ըստ որի, ոստիկանները իրականացվող հետաքննության կամ ձերբակալությունների մասին պետք է վերադասին տեղյակ պահեն։ Այս օրենքը ուժի մեջ էր մտել արդեն դեկտեմբերի 21-ին՝ «Պաշտոնական թերթում» հրապարակվելու պահից ի վեր։

Այս օրենքը մեծ աղմուկ էր բարձրացրել ոստիկանության եւ դատական համակարգում, որի արդյունքում Պետական խորհուրդը քննության է առել եւ որոշել, որ այն հակասում է անաչառ հետաքննությանը։

Նշենք, որ  Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են  հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության  նախարարների որդիները։