Պաղստինյան քոլեջի ուսանողը Բեթղեհեմում եկեղեցական զանգերի հնչեցման մարող ավանդույթի վերջին պահապաններից մեկն է: Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Շաբաթական երկու անգամ Հադիր Ջարաիսեն բաձրանում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան եկեղեցու տանիք՝ կառուցված քարանձավի վրա, որտեղ, ավանդության համաձայն, ծնվել է Հիսուսը: Նա ձգում է չորս զանգերի պարանները տանիքի աշտարակում ընդհանուր առմամբ 33 անգամ, ինչը խորհրդանշում է Հիսուսի ապրած տարիները:
Ջարասիսեն հնչեցնում է զանգերը Հայ առաքելական եկեղեցու հավատացյալների համար՝ մեկն այն երեք դավանքներից, որոնք տնօրինում են բազիլիկան: Կաթոլիկ եւ հունական ուղղափառ եկեղեցիները Քրիստոսի Սուրբ Ծննդյան բազիլիկայում ունեն իրենց սեփական զանգերը, սակայն անցել են զանգի ավտոմատ հնչեցման:
Սակայն Ջարաիսեի խոսքով՝ ավանդական զանգում ինչ-որ յուրահատուկ բան կա: «Ես զգում եմ, որ երաժշտություն եմ ստեղծում եւ զրուցում եմ Աստծո հետ»,- ասել է 22-ամյա երիտասարդը, ով չորս տարի աշխատում է եկեղեցում ու զուգահեռ սովորում է: «Չկա ավելի լավ բան, քան աշխատել Հիսուսի ծննդյան վայրում»:
Հունական ուղղափառ եկեղեցին անցել է համակարգչային համակարգի, այն բանից հետո, երբ մի քանի տարի առաջ մահացել էր ժամկոչը: Հռոմեկան կաթոլիկները նույն ուղիով են անցել: Հայերը սկզբնապես ունեին հինգ զանգ, որոնք տեղադրվել էին 1923թ.-ին: Դրանցից մեկը վնասվել էր 2002թ.-ին իսրայելցիների կողմից եկեղեցու շրջափակման ժամանակ, երբ պաղեստինյան գրոհայինները 40 օր շարունակ թաքնվում էին եկեղեցու ներսում:
Հայ ավագ քահանա Հաթ Ջունդուրյանը հայտնել է, որ իր եկեղեցին որոշել է պահպանել ավանդույթը: «Ի՞նչ կլինի, եթե մի օր համակարգիչը, որը ղեկավարում է զանգեր, չաշխատի: Արդյո՞ք մենք բաց կթողնենք աղոթքի կոչը»,- ասել է հայ քահանան:





























