«Ժառանգությունում» տեղյակ չեն պատգամավոր Թեւան Պողոսյանի՝ մանդատը վայր դնելու որոշման մասին եւ առայժմ չեն ցանկանում այն մեկնաբանել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ասաց, որ տեղյակ չէր Թեւան Պողոսյանի որոշումից, մինչեւ չխոսեն իր հետ, առայժմ որեւէ մեկնաբանություն չեն կարող անել: Դիտարկմանը, թե զարմանալի է, որ կուսակցության մի շարք ներկայացուցիչներ արդեն հայտնել են, որ տեղյակ չեն նրա որոշման մասին, մինչդեռ պատգամավորը գրել էր, թե այդ մասին տեղյակ է պահել իր գործընկերներին, մամուլի խոսնակն այսպես արձագանքեց. «Կարող է պարոն Հովհաննիսյանին տեղյակ է պահել, ես չգիտեմ»:

Թե ով կփոխարինի Թեւան Պողոսյանին, այս մասին եւս «Ժառանգությունը» դեռ լռում է: Համամասնական ցուցակում հաջորդը «Ազատ դեմոկրատներից» առաջադրված Մասիս Այվազյանն է, այնուհետեւ նախկին պատգամավոր, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը: «Կարծում եմ՝ մեզ չպետք է այդ հարցն ուղղել»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը՝ անդրադառնալով հարցին, թե Թեւան Պողոսյանի մանդատը կտան «Ազատ դեմոկրատների» ներկայացուցչի՝ հաշվի առնելով ընտրություններից հետո երկու կուսակցությունների միջեւ առաջացած տարաձայնությունները: Մամուլի խոսնակը շեշտեց, որ իրենք դեռ պետք է իրավիճակը գնահատեն, խոսեն Թեւան Պողոսյանի հետ, այնուհետեւ գնահատականներ տան:

Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Պողոսյանն այդ մասին գրել է Facebook-ի իր էջում:

«Հայտնում եմ բոլորին, որ այսօր ես պատգամավորական մանդատս վայր դնելու մասին դիմումս եմ ներկայացրել Ազգային Ժողովի նախագահին: Ասեմ, որ որոշումս վաղուց էի կայացրել, պարզապես սպասում էի քաղաքական տարվա ավարտին՝ թեժ քաղաքական գործընթացների ժամանակ ստանձնած պատասխանատվությունը կիսատ չթողնելու համար: Այս մասին ես արդեն տեղեկացրել եմ Ժառանգության գործընկերներին: Պատճառներն ամենեւին էլ քաղաքական չեն, զուտ ներքինխոհանոցային են, հետեւաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չեմ համարում: Ես շարունակելու իմ պայքարն ինձ համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում»,- նշել է նա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am