«Հայ կանանց ճակատ» նախաձեռնությունը սատարում է բոլոր քաղբանտարկյալների կանանց եւ մայրերին, հորդորելով ՀՀ արդարադատության եւ իրավապահ մամիններին առավել իրատես լինել ժողովրդական ցասման զարթոնքի այս պայմաններում, եւ նաեւ առնվազն քրիստոնյա լինել սուրբ ծննդյան օրերի նախաշեմին եւ վերանայել քաղբանտարկյալների նկատմամբ հայրենական իրավապահների եւ արդարադատության մարմինների կողմից կիրառվող ֆաշիստական եւ հումանիզմի հետ որեւէ ընդհանրություն չունեցող դրսեւորումները: Այդ մասին ասվում է ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ մյուս քաղբանտարկյալների կանանց եւ ընտանիքների՝ «Հայ կանանց ճակատի» տարածած հայտարարության մեջ:

«Մենք պահանջում ենք անմիջապես միջոցներ ձեռք առնել եւ անհրաժեշտության դեպքում Շանթ Հարությունյանին ապահովել պատշաճ բժշկական օգնությամբ, անհապաղ դադարեցնել Շանթ Հարությունյանի եւ նրա ընտանիքի հանդեպ իրականացվող հաշվեհարդարը վերացնելով այն բոլոր խոչընդոտները, որոնք խանգարում են Շանթին տեսակցել իր ընտանիքի հետ, դադարեցնել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի դեմ կիրառվող հեռախոսազանգերի արգելանքը: Սույն պահանջները հավասարաչափ վերաբերում են նաեւ մյուս 13 քաղբանտարկյալներին եւ նրանց ընտանիքներին»,- նշել են հայտարարության հեղինակները: