Երեւանում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած դեպքերի հետեւանքով կալանավորված «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի եւ մյուսների հարազատները պահանջում են վերացնել տեսակցությունների եւ հեռախոսազանգերի արգելքը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն հայտնեցին նրանց հարազատները:

Կալանավորվածների կանայք մտահոգություն հայտնեցին իրենց ամուսինների առողջական վիճակի մասին՝ շեշտելով, որ որեւէ տեղեկություն չունեն, թե նրանք ինչ վիճակում են, բուժզննում անցել են, թե ոչ: Նրանք շեշտեցին, որ պատրաստ են պայքարել մինչեւ վերջ

Հարազատները նաեւ նշեցին, որ կալանավորվածների մեծ մասն Արցախյան ազատամարտի հերոսներ են, այժմ նրանք խուլիգանի պիտակ են կպցնում եւ փակի տակ պահում:

Նրանք  կոչ արեցին տոների նախաշեմին  վերանայել «քաղբանտարկյալների» նկատմամբ կիրառվող ֆաշիստական եւ հումանիզմի հետ որեւէ ընդհանրություն չունեցող դրսեւորումները:

Հիշեցնենք,  որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Մարմնական վնասվածքներ էր ստացել NEWS.am-ի թղթակիցը:

Նշենք, որ բերման ենթարկվածներից 18-ին ներգրավվել էին որպես վկա եւ ազատել էին, իսկ 20-ը ձերբակալվել էր՝ Հարությունյան Շանթ, Տերտերյան Աշոտ, Ավետիսյան Ավետիս, Պետրոսյան Տիգրան, Պողոսյան Ալեք, Պետրոսյան Լիպարիտ, Հովհաննիսյան Արմեն, Հարությունյան Հայկ, Վարդանյան Վարդան, Առաքելյան Միսակ, Մկրտչյան Դավիթ, Մարգարյան Ալբերտ, Գրիգորյան Անուշավան, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մնացականյան Սեւակ, Մկրտչյան Վահե, Հովհաննիսյան Մկրտիչ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման: