Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 30-ին, ժամը 12-ին, կքննվի դերասան Վարդան Պետորսյանի կալանքը երկու ամսով երկարացնելու հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ Կոտայքի մարզի դատարանի Եղվարդ նստավայրում կքննվի քննիչի միջնորդությունը՝ Վարդան Պետրոսյանի կալանքը երկու ամսով երկարացնելու մասին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը:  Քննիչ Դավիթ Մարտիրոսյանը դիմել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար