Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության շտաբի ոստիկան Էդգար Վարագյանի դեմ հարուցված քրգործի նախաքննությունը:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Վարագյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով բնակարան ապօրինի մուտք գործելով, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով ավազակային հարձակում կատարելու, ապօրինաբար, առանց հափշտակելու նպատակի՝ ավտոմեքենային տիրանալու, երկու անձանց բացահայտ առեւանգելու, որոնցից մեկը՝ անչափահաս, սեքսուալ բնույթի բռնի գործողություն եւ բռնաբարություն կատարելու դեպքերով ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով, 139-րդ հոդվածի 1-ին մասով եւ 138-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության շտաբի ոստիկան Էդգար Վարագյանը դիմակավորված կոտրել է Ք. Բ.-ին պատկանող տան պատուհանի ապակին, ապօրինի մուտք է գործել ներս, դանակի եւ խաղալիք ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում է կատարել Ք. Բ.-ի եւ նրա 13-ամյա դստեր՝ անչափահաս Է. Ս.-ի վրա ու հափշտակել 186.000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր եւ հեռուստացույց: Դրանից հետո ոստիկանության աշխատակիցը Ք. Բ.-ին պատկանող ավտոմեքենայով առեւանգել է նրանց, տեղափոխել ամայի տարածք, որտեղ Ք. Բ.-ի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն եւ բռնաբարել նրան:

Մեղադրյալ Էդգար Վարագյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: