ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսը քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ Աֆղանստանում նրա գործողությունները անվստահ անվանելով: Հրատարակման պատրաստվող «Ծառայություն. Նախարարի պատերազմական մեմուարները» գրքում նա պնդում է, որ Օբաման կասկածում էր Աֆղանստանում իր իսկ ընտրած ռազմավարության հաջողությանը եւ շահագրգռված էր զորքերն այդ երկրից դուրս բերելու հարցում:
Նախկին նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահն ամենասկզբից թերահավատորեն էր վերաբերվում Իրաքում եւ Աֆղանստանում ռազմական գործողություններին՝ համարելով, որ երկու պատերազմներն էլ իրեն ժառանգվել են Ջորջ Բուշի վարչակազմից, եւ չէր վստահում այդ հակամարտությունների վերաբերյալ ռազմագետների խորհրդին: Գեյթսը նաեւ պատմում է ԱՄՆ-ի պաշտպանական Բյուջեի հարցում իր եւ նախագահի միջեւ տարաձայնությունների մասին, հայտնում է «Ազատություն» ռադիոն:
Բացի այդ, իր գրքում Գեյթսը նաեւ քննադատում է փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին՝ մեղադրելով, որ նա «թունավորել է» Սպիտակ տան եւ Պենտագոնի հարաբերությունները:





























