Հունվարի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում գտնվող բաժինների պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը շնորհավորեց ներկաներին Ամանորի եւ Ս. Ծննդյան բերկրաշատ տոների առիթով եւ իր Հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց նրանց:

Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Մայր Աթոռի աշխատակիցներին նվիրյալ աշխատանքի համար` կարեւորելով յուրաքանչյուրի ծառայությունը Եկեղեցու առաքելության բարեհաջող իրականացման գործում: Ապա Վեհափառ Հայրապետը հորդորեց նոյն ոգով եւ նախանձախնդրությամբ շարունակել ջանադիր ծառայությունը` ի պայծառություն Հայ Առաքելական Ս. Եկեղեցու եւ ի բարորություն հայ ժողովրդի:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաեւ նոր տարվա անելիքներին ու ծրագրերին: