Մոսկվայի կենտրոնում ապրիլի 12-ին անհայտ անձը կրակել է դաշնային դատավոր Էդուարդ Չուվաշովի վրա։

Դատավորի՝ գլխին եւ կրծքավանդակին ստացված հրազենային վնասվածքներով մարմինը գտել են սեփական շենքի շքամուտքում։

Իրավապահ մարմիններում համոզված են, որ այս հանցագործությունը «պատվիրված է» եւ կապված է վերջինիս մասնագիտական գործունեության հետ։

«Ինտերֆաքս» գործակալության տվյալներով, հնարավոր է՝ Էդուարդ Չուվաշովը սպանվել է նեոնացիստների կողմից։ Չուվաշովը մեկ անգամ չէ, որ մասնակցել է նման կազմակերպությունների անդամների գործերով դատավարություններին։ Նա նեոնացիստների հանդեպ սկզբունքային վերաբերմունք ուներ եւ միշտ խիստ պատիժներ էր սահմանում նրանց։