Շնորհակալ կլինեինք պարոն Բաղդասարյանին, եթե սահմանված կարգով ներկայացնի ապացույցներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ու միջազգային համագործակցության ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հայտարարությանը, թե մինչ նիստը դատավորը հանդիպել է քննիչի հետ, ստացել էլեկտրոնային տարբերակը, copy paste է արել քննիչի միջնորդությունը եւ այն ներկայացրել որպես իր որոշում, այսինքն՝ դատավարության ելքը լուծվել էր մինչեւ նիստի սկսելը:

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Արսեն Բաբայանն ասաց, որ փաստաբաններն իրենք են ընտրում մեղադրյալի պաշտպանության մարտավարությունը: Նրա փոխանցմամբ՝ պրակտիկան ցույց է տալիս, որ կան փաստաբաններ, որոնք պաշտպանության մարտավարությունն ընտրում են գործերին հանրային հնչեղություն տալով, այլ փաստաբաններ միայն օրենքով նախատեսված հիմքերով: «Կան նաեւ փաստաբաններ, որոնք այս երկու միջոցներից օգտվում են միաժամանակ: Հայտնի է, որ ի տարբերություն դատարանների, փաստաբանները կարող են կատարել ցանկացած գործողություն, որոնք արգելված չեն օրենքով, իսկ դատարանները՝ միայն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են օրենքով: Ինչ վերաբերում է պարոն Բաղդասարյանի հայտնած կարծիքին, ապա բոլորն ազատ են իրենց կարծիքը հայտնել, սակայն, իրավունքի առումով, սոսկ կարծիքները բավարար չեն պետական մարմինների կողմից օրենքով նախատեսված գործառություներ իրականացնելու համար: Ինչպես նկատելի է պարոն Բաղդասարյանի հայտարարությունից, ապա ինքը կարծում է, որ դատավորի կողմից թույլ է տրվել էթիկայի կանոնների խախտում: Փաստաբան Բաղդասարյանը գերազանց գիտի, թե ինչ քայլեր է անհրաժեշտ կատարել նման դեպքերում: Առնվազն պետք է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին ներկայացնել իր կարծիքը հիմնավորող որեւէ հիմնավոր փաստ, այլապես անհնար է դառնում ստուգել փաստաբանի կարծիքի համապատասխանությունն իրականությանը եւ դրա հետեւանքի կիրառումը: Դատական իշխանությունը բազմիցս է հայտարարել, որ շնորհակալ կլինի բոլոր այն անձանցից կամ կազմակերպություններից, որոնք օրենքով սահմանված կարգով կներկայացնեն խախտման յուրաքանչյուր դեպք բացահայտող փաստարկված տեղեկություններ: Շնորհակալ կլինենք պարոն Բաղդասարյանին, եթե սահմանված կարգով ներկայացնի ապացույցներ»,- ասաց Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը:  Դրանից հետո նշանակված նոր քննիչը՝ Դավիթ Մարտիրոսյանը, դիմել էր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար, ինչը բավարարվել է: