Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը պարզաբանել է, թե ինչու է Երեւանի Դավիթաշենի կամրջի վրա երթևեկության համար թույլատրելի արագությունը ժամանակավորապես սահմանվել 40 կմ/ժ:

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է. «Ինչպես ճանապարհային ոստիկանությունը նախկինում տեղեկացրել էր` 2014 թվականի հունվարի 8-ից մինչեւ մարտի 1-ը Երեւան Դավիթաշենի կամրջի վրա՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը սահմանվել է 40 կմ/ժ:

Հայտնում ենք, որ նման կարգը սահմանվում է ամեն տարի, եւ բացառապես` անվտանգության նկատառումներով, կամրջի վրա մերկասառույցի պայմաններում վթարների հավանական դեպքերը կանխելու նպատակով:

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները»: