Մայրաքաղաքի բնակիչներին մտահոգող խնդիրները լսելու եւ հնարավոր լուծումներ տալու, ինչպես նաեւ նրանց կողմից ներկայացվող առաջարկություններին ծանոթանալու նպատակով Երեւանի քաղաքապետարանում  եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ 2013 թվականի ընթացքում հստակ ժամանակացույցով կազմակերպվել են քաղաքացիների ընդունելություններ:

2013 թվականի 12 ամիսների ընթացքում Երեւանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 2504 քաղաքացի: Վերջինների կողմից բարձրացված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ եւ դրական լուծումներ:

Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցող ընդունելություններին տարվա կտրվածքով մասնակցել է 5895 քաղաքացի: Ներկայացված 5109 հարց համապատասխան լուծում է ստացել: Բարձրացված հարցերից 786-ը մերժվել է՝ դրանց լուծումները վարչական շրջանի կամ քաղաքապետարանի լիազորությունների  շրջանակում չլինելու պատճառով:  

Տարվա ընթացքում վարչական շրջաններում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է նաեւ անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ բարձրացված հարցերին տեղում լուծումներ տվել:

Քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցի համաձայն քաղաքացիների ընդունելությունները շարունակվելու են նաեւ 2014թ.-ին: