«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար, 16 օր հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանին այսօր՝ հունվարի 9-ին, տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՔԿՀ լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ Շանթ Հարությունյանին տեղափոխել են բժիշկների հսկողության տակ լինելու եւ հետազոտություններ անցնելու նպատակով, նրա վիճակը նորմալ է, որեւէ լուրջ բան չկա: Ինչ վերաբերում է նրան հացադուլով միացած մյուս երկու ընկերներին, ապա նրանց վիճակը լավ է: Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Մարմնական վնասվածքներ էր ստացել NEWS.am-ի թղթակիցը:
Նշենք, որ բերման ենթարկվածներից 18-ին ներգրավվել էին որպես վկա եւ ազատել էին, իսկ 20-ը ձերբակալվել էր՝ Հարությունյան Շանթ, Տերտերյան Աշոտ, Ավետիսյան Ավետիս, Պետրոսյան Տիգրան, Պողոսյան Ալեք, Պետրոսյան Լիպարիտ, Հովհաննիսյան Արմեն, Հարությունյան Հայկ, Վարդանյան Վարդան, Առաքելյան Միսակ, Մկրտչյան Դավիթ, Մարգարյան Ալբերտ, Գրիգորյան Անուշավան, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մնացականյան Սեւակ, Մկրտչյան Վահե, Հովհաննիսյան Մկրտիչ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման:
Շանթ Հարությունյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»):





























