Երեւանի հատկապես կենտրոնական փողոցներում գովազդային կրիչների արդիականացումը կշարունակվի նաեւ 2014 թվականին. գովազդային մեծ եւ միջին կրիչները, որոնց  գովազդային մակերեսը դեպի փողոցի երթեւեկելի մաս է ձգվում՝ այս տարի եւս ապամոնտաժվելու են։ Ինչպես 2013-ին իրականացված ծրագրով՝ դրանք փոխարինվելու են փոքր ծավալի տարբեր կրիչներով։

2013թ. գովազդային մեծածավալ 106 կրիչ է ապամոնտաժվել Երեւանի Աբովյան, Ամիրյան, Գրիգոր Լուսավորչի, Լեոյի, Մոսկովյան, Նալբանդյան, Պուշկինի, Սարյան փողոցներում, Տիգրան Մեծի պողոտայում։

«Գովազդային կազմակերպություններին տրամադրված թույլտվության ժամկետների լրանալուն պես՝ քաղաքապետարանը, համագործակցելով այդ ընկերությունների հետ, առաջարկեց փոխարինել կրիչները քաղաքում կիրառելի նմուշի կրիչներով, քանի որ դրանք պետք է ձուլվեն քաղաքի ճարտարապետությանը եւ գերիշխող չլինեն։  Գովազդային կազմակերպությունները դրանք ապամոնտաժում են իրենց ուժերով, մեծ ու միջին ծավալի մակերեսով կրիչների փոխարեն տեղադրում են քաղաքային փոքր ծավալի ժամանակակից, այդ թվում նաեւ բազմագործառութային կրիչներ»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։

Գովազդային կրիչների արդիականացումը 2014թ. եւս շարունակվելու է Երեւանի կենտրոնական հատվածներում, իսկ կենտրոնական փողոցներում գովազդային կրիչների տեղադրման գործող չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացի կանոնակարգումը շարունակվելու է բոլոր վարչական շրջաններում։