Հայաստանում մշտական բնակվող  «օրենքով գող» չկա, քանի որ գողանալու բան չկա: Այս մասին, այսօր` հունվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քրեական թեմաներով գրող Սերգեյ Գալոյանը:  Նրա խոսքով՝ ամենահայտնի հայ «օրենքով գող» «Սվո Ռաֆը»` Ռաֆայել Բաղդասարյանը, հազվադեպ է եղել Հայաստանում:

«Երեւան գար ի՞նչ գողանար, ինչ կար գողացված է: Այստեղ գողանալու բան չկա»,- ասաց Սերգեյ Գալոյանը՝ հավելելով, որ Հայաստանից դուրս կան մոտավորապես 60-ից ավելի հայ «օրենքով գողեր», որոնք լուրջ գործունեություն են ծավալում:

Նա առանձնացրեց Էդիկ Ասատրյանին, որին փորձում են թուլացնել: «Դա ռուսական ուժային կառույցներն են կատարում, որ օգնեն Տարոյին` «Դեդ Հասանի» թշնամուն»,- ասաց Սերգեյ Գալոյանը եւ ավելացրեց, որ վաղը մյուս օրը այդ 60-ից ավելի գողերը կարող են հայտնվել Հայաստանում:

Գալոյանի ներկայացմամբ, վերջին տարիներին Հայաստանում բնակվող հայ օրենքով գողը «Խոյն» էր` Ռաֆայել Խոյեցյանը, որը անցյալ տարի մահացավ: Ի դեպ, Սերգեյ Գալոյանն ասաց, որ վերջերս իրենց ցույց են տվել 3-րդ մասի «Կյաժի» արձանը, որտեղ գրված է եղել, որ այդպիսի մարդիկ ծնվում են  100 տարին  մեկ:

Անդրադառնալով քրեական աշխարհի վերադասավորումներին, նա ասաց, որ մինչեւ օլիմպիական խաղերի սկիզբը ամեն օր իրավիճակը փոխվում է: Ինչ վերաբերում է նրան, թե ով  կփոխարինի Դեդ Հասանին, Գալոյանն ասաց, որ իր կարծիքով Շաքրո Մալադոյը եւ ավելացրեց. «Կայքերից մեկում կարդացի, որ նա ազատվելու է 2014թ-ի մայիսին: Բայց ես գիտեմ, որ իր պատժաժամկետը լրացել է 2013թ-ի օգոստոսի 30-ին»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am