Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին եւ նրա հետ քննարկել առողջապահության բնագավառում հայ-հնդկական համագործակցության երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կարեւորելով հայ-հնդկական հարաբերությունների դինամիկ զարգացումը` նախարար Դումանյանն առաջնահերթ է համարել դեղարտադրության եւ դեղագիտության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնումը:
Նախարարը նշված ուղղությամբ համագործակցություն ծավալելու կարեւոր գրավական է համարել երկկողմ շփումները եւ փոխայցելությունները հայ եւ հնդիկ դեղարտադրող եւ ներմուծող ընկերությունների միջեւ:
Դերենիկ Դումանյանն իր խոսքում նաեւ ընդգծել է ապրիլին Մումբայում կայանալիք դեղագործական մեծ ցուցահանդեսի կարեւորությունը` հավելելով, որ ցուցահանդեսին կմասնակցեն նաեւ հայկական դեղարտադրողները:
Դեսպանը շնորհավորել է պատշաճ արտադրական գործունեության (GPM) հավաստագիր ստացած ընկերությանը: Նա նշել է, որ Հայաստանում GPM հավաստագրի տրամադրումը միջազգային շուկայում ակտիվ համագործակցության կարեւոր երաշխիք է:
«Երկկողմ համագործակցության զարգացման նոր գրավական կարող է դառնալ փետրվարի 2-4-ը Հնդկաստանի Դեղերի արտահանումը խթանող խորհրդի պատվիրակության այցը Հայաստան եւ նրանց հանդիպումը Հայաստանի դեղարտադրողների եւ դեղներմուծողների միության, ինչպես նաեւ շահագրգիռ այլ կառույցների հետ»,-ասել է Սուրեշ Բաբուն` նշելով, որ պատվիրակության մեջ ընդգրկված են լինելու 15-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ:
Կարեւորելով բժշկական կրթության եւ բժշկագիտության դերը` Սուրեշ Բաբուն առաջարկել է հնդկական ավանդական բժշկության եւ հոմեոպաթիայի անվճար դասընթացների կազմակերպում, ինչը հնարավորություն կտա ցանկացողներին ծանոթանալ հնդկական ավանդական բժշկության գաղտնքիներին: Նշենք, որ այն մեծապես կարեւորվում է Հնդկաստանում:





























