Հայաստանի ԱԻ նախարարությունում այսօր՝ հունվարի 10-ին տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն` նվիրված Երեւանի մետրոպոլիտենի հետ համագործակցության հարցերին: Խորհրդակցությունը վարում էր ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ներկա էին նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմի եւ Երեւանի մետրոպոլիտենի պատասխանատու ներկայացուցիչներ:
Ա. Երիցյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, համառոտ ներկայացրեց ԱԻ նախարարության անցած ճանապարհը եւ նշեց, որ մետրոպոլիտենի հետ երկարամյա փոխգործակցությունը պետք է սերտանա, առավել գործնական տեսք ստանա եւ այս երկու կառույցները փոխադարձաբար օգտակար լինեն միմյանց:
Երեւանի մետոպոլիտենի գլխավոր տնօրեն Փայլակ Յայլոյանը մասնավորապես ասաց.
«Կարծում եմ, որ մենք շատ անելիքներ ունենք միասին: Մետրոյից օրվա ընթացքում հազարավոր մարդիկ են օգտվում, ու մենք պարտավոր ենք հոգալ նրանց անվտանգության մասին: Մենք տեսնում ենք, որ ԱԻ նախարարությունը կայացել է, եւ պատրաստ ենք խորացնել համագործակցությունն այս հրաշալի կառույցի հետ»:
Քննարկումների ժամանակ ներկայացվեցին մետրոպոլիտենի անվտանգության համակարգերն ու քաղպաշտպանության վերաբերյալ հարցերը: Առավել հաճախ կկազմակերպվեն համատեղ ուսումնավարժություններ ու անձնակազմերի վերապատրաստման դասընթացներ:
Մետրոյի կայարաններում տեղադրված է 161 տեսախցիկներով տեսահսկման համակարգ, որը միացված է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնին:
Առանձին ուշադրության արժանացավ հանրային իրազեկման խնդիրը` մասնավորապես ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ մետրոպոլիտենի միջեւ կհաստատվի հետադարձ կապ մետրոյի կայարաններում եւ շարժակազմերում բարձրախոսների եւ էլեկտրոնային վահանակների օգնությամբ ազդարարման, անվտանգության վարքականոնների վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու, տեղեկատվական-ուսուցողական տեսանյութեր ցուցադրելու հնարավորությունը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանատիպ մի հանդիպում եւ շրջայց կազմակերպել մետոպոլիտենում եւ, տեղում ուսումնասիրելով առկա անվտանգության համակարգերն ու խնդիրները, այնուհետեւ մշակել համատեղ աշխատանքային պլան:




























