20-ամյա Չեն Տանը, չհասցնելով յուրացնել քննության ամբողջ նյութը, որոշել է պարապել նաեւ գիշերը: Աղջիկը գիտեր, որ քունը տանելու է, այդ պատճառով խնդիրը փորձել է լուծել սենյակի իր հարեւանուհի 21-ամյա Խուան Լուի օգնությամբ:
Գիշերն արթուն մնալու փորձված միջոցներն են՝ կոֆեին օգտագործելը, մաքուր օդին կարճատեւ զբոսանքը եւ ֆիզիկական վարժությունները: Սակայն Չենը եւ Խուանը որոշել են հին իմաստունների մեթոդներին դիմել, գրում է Mail Online-ը:
Չենը հիշել է, որ ըստ ավանդության, չինացի հայտնի գիտնականներն անքնության ավելի ցավագին միջոցների են դիմել եւ կարողացել էին հասնել նրան, որ միտքը սուր մնա: Նրանցից մեկն իրեն ասեղով ծակել էր ամեն անգամ, երբ սկսել էր ննջել, մյուսը մազերը կապել էր առաստաղի փայտին այնպես, որպեսզի դրանք ձգվեին քունը տանելիս:
Խուանը, որը Չենի լուսանկարները համացանցում է տեղադրել, գրել է. «Չենն այնքան էր ուզում քննությունը գերազանց հանձնել, որ վճռել էր կատարել մազերի հետ կապված հնագույն փորձը, դուք տեսնում եք, թե որքան երկար են նրա մազերը», հաղորդում է FederalPost.ru-ն:
Աղջիկները որոշել են օգտվել հագուստի ամրակներով չորանոցից: Ըստ Տանի՝ այդ «սարքավորման» շնորհիվ ինքը կարողացել է հավուր պատշաճի պատրաստվել քննությանը:





























