Հայաստանի ԱԻ նախարարությունում այսօր՝ հունվարի 13-ին տեղի է ունեցել այս տարվա առաջին ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց հանրապետությունում գրանցված պատահարների եւ կատարված հանձնարարականների մասին` նշելով, որ տոնական օրերին իրականացվել է ներքին ուժեղացված ծառայություն: Մշակվել ու հաստատվել է փրկարար ծառայության 2014 թ. աշխատանքային պլանը, ինչպես նաեւ պատրաստվել են առաջարկություններ` ԱԻՆ միասնական տեխնիկական բազա հիմնելու ուղղությամբ: ՓԾ տնօրենը զեկուցեց նաեւ, որ քննարկվել են ազդարարման միասնական համակարգի հայեցակարգի մշակման հետ կապված հարցեր:
ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը տեղեկացրեց, որ Մոսկվայի Երկրի ֆիզիկայի ինստիտուտի մասնագետների հետ շարունակում են քննարկել Գառնիի դիտարանի դեֆորմոգրաֆի վերագործարկման խնդիրները:
ՀՀ ԱԻՆ մարզային ստորաբաժանումները եւ ԼՂՀ փրկարար ծառայությունն առցանց զեկուցեցին տեղերում գրանցված պատահարների եւ օպերատիվ իրավիճակի մասին: Ընթացքի մեջ են մարզերում ճգնաժամային կառավարման կենտրոններ հիմնելու աշխատանքները:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը, երկարամյա անբասիր աշխատանքի եւ բարեխիղճ ծառայության համար, ինչպես նաեւ 50-ամյա հոբելյանի կապակցությամբ, «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ շնորհեց ՀՀ ԱԻՆ պետական ռեզերվների գործակալության պետի տեղակալ Արեգ Խաչատրյանին:





























