Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող թիվ 1 տուն-ինտերնատին կից անօթեւանների ժամանակավոր կացարանը փակվել է: Այս մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը:

Խոսելով պատճառների մասին, նա նշեց, որ քանի որ կացարանը 60 տեղանոց էր, դա է պատճառ հանդիսացել, որ նրանց տեղափոխեն ավելի մեծ, 100 տեղանոց տարածք` Վարդաշեն: «Վարդաշենում 40 հոգի կային եւ այստեղի 60 էլ տեղափոխվեցին եւ հիմա հենց 100 հոգին էլ այնտեղ են ապրում»,- նշեց Արթուր Կեսոյանը:

Դիտարկմանը, թե  անօթեւանները դժգոհում են, որ եթե թիվ 1 տուն-ինտերնատում օրը 3-անգամյա սնունդ էին ստանում, ապա Վարդաշենում 2, Արթուր Կեսոյանը հիմնավորեց. «Վարդաշենում առավոտյան եւ երեկոյան նախաճաշ եւ ընթրիք է նախատեսված, որպեսզի այդ քաղաքացիները ցերեկվա ազատ ժամանակում կարողանան աշխատանք փնտրել եւ ինտեգրվեն հասարակությանը, ինչու չէ նաեւ ընտանիք վերադառնան: Կացարանի սոցաշխատողներն էլ են նաեւ օգնում նրանց աշխատանք փնտրելու հարցում, ինչպես նաեւ աշխատանք է տարվում նրանց ընտանիքի անդամների հետ՝ նրանց ընտանքի վերադարձնելու հարցում: Մեր փորձը ցույց է տվել, որ հենց անցած աշնանը շատերը աշխատանք են գտել եւ տուն են վարձել  ու ապրել սովորական կյանքով»:

Հարցին, թե թիվ 1 տուն-ինտերնատի տարածքում ի՞նչ պետք է լինի, նա պատասխանեց. «Դա դեռ նախատեսված չէ: Հավանական է, որ անկողնային կորպուս կլինի, որտեղ կտեղափոխվեն հաշմանդամ շահառուները»: