Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը դեռ 33 երկիր պետք է այցելի, նոր վերադառնա Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ժողովրդական կուսակցության քաղխորհրդի նախագահ Արտակ Հարությունյանը:
Նա նշեց, որ Տիգրան Կարապետյանը դեռ Շրի Լանկայում է եւ մենակ է մեկնել ճանապարհորդության, քանի որ երեխաները դպրոցական են եւ դպրոց են հաճախում: «Երեկ եմ հետը խոսել: Նա ասաց, որ դեռ 33 երկիր պետք է այցելի: Մոտավորապես 2 ամիս հետո նոր կվերադառնա Հայաստան: Ասաց ինչքան երկիր չենք գնացել դեռ պետք է ման գամ»,- ասաց Արտակ Հարությունյանը՝ հավելելով, որ Տիգրան Կարապետյանը նաեւ իր հետ զրույցում ասել է, որ եթե գումարները տանուլ է տվել, ի՞նչ փողերով է ման գալիս:
«Հենց այդպես էլ ասաց, որ եթե փողերս տանուլ եմ տվել ու փող չունեմ, էտ ոնց եմ 2-3 ամիս ման գալիս տարբեր երկրներում»,- ավելացրեց Արտակ Հարությունյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արտակ Հարությունյանը NEWS.am-ին հայտնել էր, որ սուտ են տեղեկությունները, թե Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն իր ունեցվածքը խաղատներում «կրվել է»: «Իսկ Վոլգոգրադում համ հյուրանոցներն են տեղում, համ կոմպլեքսը»,- ավելացրել էր Արտակ Հարությունյանը:





























