Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը անդրադարձել է երեկվանից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մեծ քննարկումների արժանացած մաթեմատիկական խնդիրներին։ Նախարարը իր «Ֆեյսբուքի» էջում գրել է հետեւյալը. «FB սոցիալական ցանցում տեղադրված մաթեմատիկական «խնդիրները» Ա. Առնաուդյանի եւ Գ. Բեդիրյանի հեղինակած «Մաթեմատիկա տանը եւ դպրոցում» գրքից են:

Այն 6-9 տարեկանների համար նախատեսված ձեռնարկ է: Գրքի 1-ին մասը հրատարակվել է 2008 թվականին, 2012 թվականին հրատարակվել է 2-րդ մասը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում:Սույն ձեռնարկը նախարարության կողմից երաշխավորված չէ: Այն ո՛չ դասագիրք է, ո՛չ մեթոդական նյութ է, ո՛չ էլ՝ ուսումնաօժանդակ նյութ»:

Նշենք, որ այդ դասագրքում խոսվում է մասնավորապես, Սոսի վրա թքելու, վզակոթին հարվածելու եւ խնձոր խլելու մասին: Ներկայացնում ենք խնդիրներից մի քանիսը.
«Սոսը գազանանոցում երեք ուղտի էր գժվացնում: Ուղտերից յուրաքանչյուրը երեք անգամ Սոսի վրա թքեց: Ուղտերը քանի անգամ Սոսի վրա թքեցին»:

«Շարիկից փրկվելու համար 40 տատիկները սաղարթախիտ ծառը բարձրացան: Ծառը ուներ 2 ճյուղ, ամեն ճյուղին 2 տատիկ էր նստել, ծառի գագաթին քանի՞ տատիկ էր թառել»:

«Երբ նորածին Գոռիկին կատուն ճանկռեց, նա 5 րոպե գոռգոռաց, իսկ երբ իշամեղուն կծեց՝ 3 րոպեով ավել: Բայց երբ մայրը սկսեց նրան օճառով լողացնել, Գոռիկը 2 անգամ երկար գոռաց, քան իշամեղվի կծելուց հետո: Մայրիկը գոռիկին 9 րոպե լվանում էր, արդեն լողացած Գոռիկը քանի՞ րոպե էր ճղճղում»:

Մյուս խնդիրները տես լուսանկարում: