Մեր Տիրոջ եւ Փրկչի Ս. Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրեակատարողական հիմնարկների հոգեւոր ծառայությունը` ծառայության պատասխանատու Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի գլխավորությամբ, կազմակերպել էր հոգեւորականների այցելություններ ՀՀ Քրեակատարողական հիմնարկներ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ այցերի ընթացքում ազատազրկման վայրերում բանտային կառույցի եկեղեցականները մատուցել են Սուրբ Պատարագ, կատարել ջրօրհնեքի, տնօրհնեքի եւ հոգեհանգստի արարողություններ` դատապարտյալներին ու աշխատակիցներին փոխանցելով Սուրբ Ծննդյան ավետիսը: Տեղի է ունեցել նաեւ մի քանի դատապարտյալների մկրտություն:

Ծառայության հոգեւոր սպասավորները, շարունակելով «Աջակցություն դատապարտյալների ընտանիքներին» ծրագիրը, Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով այցելել են նաեւ ազատազրկվածների 20 ընտանիքներ, որոնք ապրում են սոցիալապես ծանր պայմաններում եւ ունեն անչափահաս երեխաներ: Այցի ընթացքում կատարվել են տնօրհնեքի արարողություններ, տեղի են ունեցել հոգեխնամ զրույցներ ընտանիքների անդամների հետ,  ինչպես նաեւ ընտանիքներին հանձնվել են տոնական նվերներ, ցուցաբերվեց դրամական օգնություն: