Իրար վրա թքելու, վզակոթին հարվածելու եւ խնձոր խլելու մասին մաթեմատիկական խնդիրները կոնտեքստից դուրս են քննարկվում սոցիալական ցանցերում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրքի հեղինակ Գայանե Բեդիրյանը։
Նա տեղեկացրեց, որ սա «Տանը եւ դպրոցում» ձեռնարկի երկրորդ մասն է, առաջին հրատարակությունը վերաբերում է բնագիտությանը, մայրենիին, մաթեմատիկային եւ գեղարվեստին՝ նախատեսված է 5-6 տարեկան երեխաների համար։ Ձեռնարկի երկրորդ մասը, որը բուռն քննարկումների է արժանացել, նախատեսված է 6-9 տարեկան երեխաների համար, այն վերաբերում է մաթեմատիկային։ Հեղինակը նախատեսում է նաեւ այս ձեռնարկների երրորդ մասը հրատարակել, որը վերաբերելու է մայրենի լեզվին։
Գայանե Բեդիրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սոցիալական ցանցերում բուռն քննարկումների արժանացած այս խնդիրները ինքը թարգմանել է հայտնի ռուս գրող Գրիգորի Օստերի գրքից, դրանք խմբագրել, փոփոխել հայաֆիկացրել է եւ ներկայացրել հայ մանուկներին՝ նրանց հետ աշխատող ծնողներին եւ ուսուցիչներին։ Բայց մինչ խնդիրները, նրա խոսքով, կա նախաբան, որը քննադատները անտեսում են, այդտեղ ներկայացված է,թե ինչ նպատակ ունեն այս խնդիրները, ինչի համար են գրված եւ այլն։ «Տանսինը խնդիր է, որոնք պետք է կարդալ եւ ծիծաղել, ոչ մի արդարանալու խնդիր չունեմ, ոմն անգրագետ եւ անպարտաճանաչ կոնտեքստից կտրում է եւ ռեպլիկներ է տալիս։ Ես չեմ ցանկանում կտրվել իմ գործից եւ նրանց պատասխանել, հրատարակիչը մտածում է, որ սա պատվեր կարող է լինել,ես եւս դա չեմ բացառում։ Երեխաները շատ սիրով, հավեսով կարդում են այդ խնդիրները, ծիծաղում եւ անցնում առաջ, նորմալ, ծիծաղալու խնդիրներ են, ես դեռ մի քիչ մեղմել եմ, էսթետիկ տհաճությունները հանել, ռուսական անունները դարձրել հայկական՝ երեխային ավելի մոտ լինելու համար»,- ասաց Գայանե Բեդրյանը։
Նա ասաց, որ այս պատկերազարդ ձեռնարկները մեծ հաջողություն են ունեցել, ինքն իր համար ճանապարհ է հարթել եւ կարիք էլ չի եղել դիմել ԿԳՆ՝ երաշպավորություն ստանալու համար։ Նա շեշտեց, որ շատ է մտածել, թե որտեղ է վերջանում բարոյականը եւ սկսվում անբարոյականը, խոսել է շատ մանկավարժների, մասնագետների հետ եւ այս խնդիրների հրապարակման մեջ ոչ մի վատ բան չի տեսնում, երեխաները անգամ լուծմանը չեն հասնում, ծիծաղելու, լիցքաթափվելու
Նշենք, որ այդ դասագրքում խոսվում է մասնավորապես, Սոսի վրա թքելու, վզակոթին հարվածելու եւ խնձոր խլելու մասին: Ներկայացնում ենք խնդիրներից մի քանիսը.
«Սոսը գազանանոցում երեք ուղտի էր գժվացնում: Ուղտերից յուրաքանչյուրը երեք անգամ Սոսի վրա թքեց: Ուղտերը քանի անգամ Սոսի վրա թքեցին»:
«Շարիկից փրկվելու համար 40 տատիկները սաղարթախիտ ծառը բարձրացան: Ծառը ուներ 2 ճյուղ, ամեն ճյուղին 2 տատիկ էր նստել, ծառի գագաթին քանի՞ տատիկ էր թառել»:
«Երբ նորածին Գոռիկին կատուն ճանկռեց, նա 5 րոպե գոռգոռաց, իսկ երբ իշամեղուն կծեց՝ 3 րոպեով ավել: Բայց երբ մայրը սկսեց նրան օճառով լողացնել, Գոռիկը 2 անգամ երկար գոռաց, քան իշամեղվի կծելուց հետո: Մայրիկը Գոռիկին 9 րոպե լվանում էր, արդեն լողացած Գոռիկը քանի՞ րոպե էր ճղճղում»: Այս խնդիրներին անդրադարձել է նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։





























