Apple IT ընկերությունը համաձայնել է փոխհատուցում վճարել այն հաճախորդներին, որոնց երեխաները առանց իրենց իմացության ծառայություններ են գնել AppStore-ից։
Վճարման գումարի չափը սահմանել է ԱՄՆ-ի Առեւտրային դաշնային հանձնաժողովը (Federal Trade Commission, FTC): Նշվում է, որ 32,5 միլիոնը վճարումների ներքին շեմն է: Apple-ը նաեւ համաձայնել էր իր վճարային համակարգից ջնջել 15-րոպեանոց «պատուհանը», որի ժամանակ կարելի է գնումներ կատարել առանց գաղտնաբառը հաստատելու, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:
Ըստ Apple-ի ղեկավար Թիմ Կուկի` ավելի վաղ ընկերությունը որոշել էր վերադարձնել բոլոր պատահական «մանկական» գնումներից տուժածների փողերը: Դրա համար ընկերությունը նամակներ էր ուղարկել App Store-ից օգտվող 28 միլիոն բաժանորդի, որոնք երբեւէ ծառայություն էին ներբեռնել երեխաների համար: Ի պատասխան Apple-ն ստացել էր 37 հազար բողոք, որոնք կբավարարվեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընկերությունը կվճարի փոխհատուցումը` չնայած որ իրեն մեղավոր չի ճանաչում:




























