Հայաստանի Սահմանադրական դատարանն այսօր՝ ապրիլի 13-ին քննել է «Ժառանգություն» կուսակցության Ստեփանավանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Անուշավան Նիկողոսյանի դիմումը՝ վարչական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու պահանջով:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՍԴ-ն նաեւ ժամկետ սահմանեց Վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներն այս որոշմանը համապատասխանեցնելու ուղղությամբ՝ մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 1-ը: «Ժառանգությունը» առաջիկա օրերին պատրաստվում է հանդես գալ նշված օրենսգրքում անհրաժեշտ փոփոխությունները կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ գործի նախապատմությունը վերաբերում էր 2008թ. կայացած «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կայացած մրցույթում Լոռու մարզպետի հրահանգով Անուշավան Նիկողոսյանին կամայականորեն մրցույթի հաղթող չճանաչելուն, ինչը բացառապես պայմանավորված էր Անուշավան Նիկողոսյանի՝ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի քաղաքական հայացքներին չհամընկնող, ընդդիմադիր հայացքներ ունենալու հանգամանքով: Մրցույթին որպես դիտորդ ներկա է գտնվել ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Դրան հաջորդել են բազմաթիվ դատական հայցեր, որոնք առանց բացառության ՀՀ վարչական դատարանի միևնույն դատավոր Արծրուն Միրզոյանի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի բոլոր հնարավոր կոպիտ խախտումներով մերժվել են:



























