Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) տեղեկացնում է, որ մարտի 1-ից մեկնարկել է «Նրանք սպասում են մեզ» կարգախոսով քարոզարշավը:

Քարոզարշավի նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել հանրակացարանաբնակ միայնակ ծերերի սոցիալական, առողջական և հոգեբանական խնդիրների վրա: Քարոզարշավը բաղկացած է երկու փուլից՝ իրազեկում և դրամահավաք: Քարոզարշավի ընթացքում հավաքագրված միջոցները նախատեսվում է օգտագործել այս առավել կարիքավոր սոցիալական խմբի աջակցությանն ուղղված ծրագրերին:

Մարտ ամսվա ընթացքում ՀԿԽԸ «Նրանք սպասում են մեզ…» կարգախոսով քարոզարշավի շրջանակներում տեղի են ունեցել նշանակալից մի շարք իրադարձություններ, գրանցվել ձեռքբերումներ և կազմակերպվել են հետաքրքիր միջոցառումներ: Քարոզարշավին միացել է «Զվարթնոց» օդանավակայանը:

Հանգանակության 2 տուփեր են տեղադրվել «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման և մեկնման սպասասրահներում: Բանակցություններ են տարվում նաև դյութի-ֆրի խանութներում նմանատիպ հանգանակության տուփեր տեղադրելու ուղղությամբ: Օդանավակայանում փակցվել են նաև քարոզարշավի պաստառները:

Մարտի 25-ին ՀԿԽԸ մի խումբ կամավորներ Երևանի մարդաշատ փողոցներում իրականացրել են սոցհարցում՝ հասարակության շրջանում խնդրի վերաբերյալ տեղեկացվածության աստիճանը պարզելու նպատակով: Սոցհարցմանը զուգընթաց՝ երիտասարդ կամավորները նաև տարածել են քարոզարշավի վերաբերյալ թռուցիկներ և այլ նյութեր: Սոցհարցմանը մասնակցել են 25 երիտասարդ կամավորներ, որոնք հարցման են ենթարկել մոտ 1500 քաղաքացու:

Քարոզարշավն ընդհանուր առմամբ լուսաբանվել է մոտ մեկ տասնյակ լրատվական միջոցների կողմից: Նկարահանվել է միայնակ ծերերի մասին պատմող տեսանյութ և հոդվածներ են տեղադրվել մի շարք հայտնի ինտերնետային կայքերում: