Ապրիլի 14-ին, Ժամը 01.10-ին Իջևանի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 117-րդ կմ-ում` Հովք գյուղին հարակից հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել Իջևանից և Դիլիջանից մեկական մարտական հաշվարկ, ինչպես նաև մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 02.35-ին դեպքի վայրից հաղորդել են, որ զոհեր և վիրավորներ չկան: Մոտ 120 մ երկարությամբ, 150 մ բարձրությամբ սողանքի հետևանքով ձորն է ընկել «ԳԱԶ-3110»՚ մակնիշի 70 ՏՍ 300 պետհամարանիշով ավտոմեքենան:

Ականատեսների վկայությամբ` վարորդը և երկու ուղևորները կարողացել են դուրս գալ ավտոմեքենայից և հեռացել են դեպքի վայրից, իսկ ավտոմեքենան հետագայում գետը քշել-տարել է: Մթության և տեղանքի վտանգավորության պատճառով աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել: ՄՓՎ և ՊԱՏ աշխատակիցների ուժերով տեղում սահմանվել է հերթապահություն:

Առավոտյան ժամը 8-ից վերսկսվել են հետախուզման աշխատանքները:

Դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Ապրիլի 13-ին, ժամը 22.42-ին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել նաեւ Սիսիան-Վայք ավտոճանապարհի Սարավան գյուղին հարակից հատվածում: Դեպքի վայր է մեկնել Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Տեղում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 65 ԼՕ 191 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Վարորդը և ուղևորները դեպքի վայրը լքել են:

Փրկարարներն ավտոմեքենան հոսանքազրկել են և հանձնել ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին: