Ապրիլի 14-ին Բաքվի քաղաքապետարանի դիմաց անցկացվող ադրբեջանական «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության բողոքի ակցիան ոստիկանության կողմից դաժանորեն ճնշվել է։ Ակցիայի ավելի քան 30 մասնակիցներ ձերբակալվել են եւ ծեծվել, հայտնում է Turan գործակալությունը։
Ընդդիմադիրները հավաքվել էին արտահայտելու իրենց բողոքն այն կապակցությամբ, որ քաղաքապետարանը տարիներ շարունակ մերժում է իրենց խնդրանքը՝ արտոնելու ընդդիմության հանրահավաքները։
Ընդդիմադիրների առաջին խումբը ձերբակալվել է մետրոյի «Իչերի Շեհեր» կայարանի մոտ։ Ոստիականական համազգեստով մարդիկ հարձակվել են նրանց վրա եւ սկսել են ծեծել։ Այնուհետեւ ձերբակալվածներին նստեցրել են ավտոբուսներ եւ տարել անհայտ ուղղությամբ։
Ընդդիմադիրների մյուս խմբին ձերբակալել են քաղաքապետարանից ոչ շատ հեռու եւ ծեծելով ավտոբուսներ նստեցրել։ Վերջին տվյալներով՝ ձերբակալվածների թիվը հասել է 36-ի։




























