Կառավարությունը կաջակցի Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, որպեսզի այն համահունչ լինի համաշխարհային գործընթացներին: Այս մասին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 10-րդ համագումարում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ նպատակին հասնելու առաջին քայլերից մեկը պետք է լինի տեղեկատվական տեխնոլոգիաների մասայականացումը Հայաստանում։ Ըստ նրա՝ այդ ուղղությամբ որոշակի քայլեր արվում են, մասնավորապես՝ գործում է «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, որով հնարավոր է համեմատաբար մատչելի պայմաններով համակարգիչներ ձեռք բերել։

Վարչապետը կարեւորեց նաեւ Հայաստանում ինտերնետ կապի տրամադրման որակի բարելավման հարցը։ Նա նշեց, որ նախորդ տարի ինտերնետի շուկայում գների նվազում արձանագրվեց, եւ ընդգծեց, որ այս տարի եւս ակնկալվում է ինտերնետի տրամադրման ծառայությունների բարելավում ու որակի բարձրացում։ Ըստ նրա՝ ճգնաժամային 2009 թվականին ՏՏ ոլորտն ապացուցեց, որ զարգանալու մեծ ներուժ ունի եւ մրցունակ է շուկայում։

«2009-ին տնտեսության լուրջ անկում արձանագրվեց, սակայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցանք աննախադեպ աճ 17 տոկոսի չափով։ Աճեց ոչ միայն ծառայությունների մատուցման ծավալը, այլեւ ոլորտում աշխատող ձեռնարկությունների թիվն ավելացավ»,- ասաց Սարգսյանը։

Վարչապետի խոսքով՝ կառավարությունը ուշադրություն է դարձնում նաեւ ԱՄՆ Սիլիկոնային հովտում Հայաստանի ներկայացուցչության բացման ծրագրին։ Նա ընդգծեց, որ ներկայաղցուցչությունը կօգնի Հայաստանի ՏՏ ոլորտին մշտապես տեղյակ լինել ՏՏ ոլորտի միջազգային շուկայում տեղի ունեցող գործընթացներին։

Համագումարի շրջանակում ելույթ ունեցան նաեւ ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը ու գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Ավոյանը նշեց, որ ԻՏՁՄ 10-ամյա գործունության կարեւոր ձեռբերումներից է Հայաստանի ՏՏ ոլորտում գործող ընկերությունների միջեւ կապերի հաստատումը, «Դիջիթեք» ցուցահանդեսի կազմակերպումը, որտեղ ներկայացված են լինում նաեւ արտասահմանյան ընկերություններ։