«Ռոբերտ Քոչարյանն այն մարդն է, որն այս երկրին հասցրել է անվերականգնելի վնաս»,- այսօր` մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Նրա խոսքով, Ռոբերտ Քոչարյանը պետք է հեռացվի Հայաստանի նախագահների ցուցակից, «որովհետեւ այն վնասը, որը հասցվել է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տասնամյա ընթացքում Հայաստանին, վերականգնելի չէ»:

Վ. Շիրխանյանը բերել է Արգենտինայի օրինակը, որտեղ 1983 թվականին այդ երկրի ժողովուրդը որոշեց ուղղակի հիշողությունից ջնջել իր պատմության նախորդ 7 տարիները, քանի որ այդ ընթացքում կառավարող ռեժիմը միայն 30 հազար մարդ ուղղակի ծովն էր գցել օդանավից:

«Մոռացության պետք է տրվի: Մենք չունենք ուրիշ տարբերակ, նրա արածների դիմաց»,-ասել է նա:

Այնուհետեւ անդրադառնալով Տանզանիայում Քոչարյանի որսորդության խնդրին, նախկին փոխնախարարն ասել է. «Ես զարմանում եմ, թե ինչի են թույլ տվել նման կենդանիների վրա որս: Կարծում եմ, իր սովորության համաձայն, ինքը միշտ օրենքից դուրս էր գործում, այդ որսն էլ է անօրինական եղել»:

Նա նաեւ անդրադարձել է Չարենցավանի ոստիկանության բաժնում Վահան Խալաֆյանի սպանության խնդրին՝ նշելով, որ քանի դեռ Հայաստանում գործում է մի համակարգ, որը հանցածին է, այդ համակարգն ինքն է հանցագործություն ծնում եւ այդպիսի դեպքերը կկրկնվեն:

Ինչ վերաբերում է բանակում սպաներից մեկի հետ կատարված «ինքնախեղման» դեպքին, նա ասել է, թե բանակը փակ համակարգ է, իշխանություն է իշխանության մեջ, եւ այնտեղ էլ կարող են լինել այն բոլոր արատները, որ կա իշխանական համակարգում: Հետեւաբար, ըստ Վահան Շիրխանյանի, եթե չկա հստակ տեղեկատվություն, մնում է կամ հավատալ եղածին, կամ չհավատալ: Անձամբ ինքը, Վահան Շիրխանյանը, հեքիաթ է համարում այն, որ մարդը կարող է մի քանի անգամ հարվածել իրեն, քանի որ մեկ հարվածը բավական է: