Մայիսի 6-ին Մեծ Բրիտանիայում կայացած խորհրդարանական ընտրություններին հաղթանակ է տարել Պահպանողական կուսակցությունը: Ըստ պաշտոնական տվյալների, 95 տոկոս քվեների արդյունքում Պահպանողականները ձեռք են բերել 306 մանդատ: Երկրորդ տեղում վարչապետ Գորդոն Բրաունի Լեյբորիստական կուսակցությունն է, որը խորհրդարանում կունենա 258 մանդատ, իսկ լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունը` 57 մանդատ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Նշենք, որ ավելի վաղ Պահպանողականների առաջնորդ Դեւիդ Քեմերոնը հայտարարել էր, որ լիբերալ դեմոկրատներին համագործակցության առաջարկ է անելու, կոալիցիոն կառավարություն ձեւավորելու համար, քանի որ պահպանողականները չեն ստացել մեծամասնության քվեն: Հաշվի առնելով, որ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ բացարձակ մեծամասնություն չի ձևավորվել, նույնատիպ հայտարարություն էր տարածել նաեւ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Գորդոն Բրաունը: