British Petroleum նավթային ընկերության ինժեներները սկսել են Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքը կանխող նոր գմբեթի շինարարությունը։ Ինչպես հայտնում է Բալթինֆո.ռու-ն, ընկերությունում խոստանում են, որ կառույցը պատրաստ կլինի արդեն եկող շաբաթվա կեսերին։

Համաձայն Վեստի.ռու-ի՝ գոյացած սառույցի եւ աղբի պատճառով՝ նախօրեին մասնագետները ստիպված են եղել հանել հին գմբեթը։

BP-ի տնօրեն Դուգ Սաթլզի խոսքով, ընկերությունը քննարկում է Մեքսիկական ծոցի նավթի արտահոսքի կանխման մի քանի տարբերակներ։ BP մասնագետները քննարկում են նաեւ վթարված ճեղքը աղբով լցնելու տարբերակը։

Բոլոր աշխատանքները դժվարանում են նրանով, որ ընկերության մասնագետների կողմից հեռակառավարվող աշխատանքներն իրականացվում են ավելի քան 1.5 կմ խորության վրա՝ մթության մեջ։

Ներկայումս նավթային բիծը արդեն իսկ լրջորեն խախտել է տարածաշրջանի էկոլոգիական հավասարակշռությունը։ Աղտոտված են շատ կղզիներ, սատկում են կենդանիներ եւ թռչուններ։

Հիշեցնենք, որ BP-ին պատկանող Deepwater Horizon նավթային պլատֆորմը հզոր պայթյունի եւ 36-ժամյա հրդեհի պատճառով ջրասույզ էր եղել ապրիլի 22-ին։ Մասնագետների գնահատականներով, վթարված ճեղքից ամեն օր ծով է հոսում 5 հազար բարելից ոչ պակաս նավթ։