Դանիացի ծաղրանկարիչ 75-ամյա Կուրտ Վեստերգարդը հայտարարել է, որ հեռանում է իր հարազատ Jyllands-Posten թերթից, որտեղ աշխատել է 20 տարի: Ինչպես տեղեկացնում է «Ֆրանսպրեսը», նա իր այդ քայլը բացատրել է նրանով, որ չի ցանկանում հարվածի տակ դնել գործընկերներին:

Հիշեցնենք, որ Կուրտ Վեստերգարդը 2005 թ. թերթում հրապարակել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, որը բողոքի լուրջ ալիք է բարձրացրել մահմեդական աշխարհում: Թե նկարիչը, թե թերթի աշխատակիցները բազմաթիվ սպառնալիքներ են ստացել ընդհուպ ֆիզիկական հաշվեհարդարի մասին: Բանը հասել է նրան, որ Վեստերգարդի վրա մի քանի հարձակում է եղել եւ անգամ նրա համար գլխագին է սահմանվել: Վերջին հարձակումը եղել է այս տարվա հունվարին, երբ նրա տուն է ներխուժել սոմալիացի 28-ամյա երիտասարդը եւ փորձել սառը զենքով սպանել 75-ամյա նկարչին: