«DigiTec Business 2010» ֆորում-ցուցահանդեսում պետական հատվածն այս տարի բավականին ակտիվ է։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «ԻՏՁՄ- Էքսպո» ընկերության տնօրեն Վահան Հովսեփյանը՝ ավելացնելով, որ այս տարի առաջին անգամ պետական սեկտորը բավականին լայն մասնակցություն է ցուցաբերել։
«Ներկայացված են հարկային հաշվետվությունների էլեկտրոնային համակարգեր, էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման համակարգեր»,- ասաց Հովսեփյանը՝ ավելացնելով, որ այս ամենը կապված է Հայաստանում էլեկտրոնային կառավարման գործընթացի զարգացման հետ։ Հովսեփյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ «DigiTec Business 2010» ֆորում-ցուցահանդեսում ներկայացված են մոտ 40 ընկերություն, որոնք ներկայացրել էին ՏՀՏ լուծումներ բիզնեսի կառավարման, գործընթացների ավտոմատացման, վաճառքների խթանման համար հետևյալ ոլորներում` բանկային և ֆինանսական, զբոսաշրջություն, առևտուր և պահեստների կառավարում, շինարարություն, տրանսպորտ և կապ, բժշկություն և դեղագործություն։
Ցուցահանդեսում ներկայացված էին ինչպես նորաստեղծ, այնպես էլ արդեն կայացած ընկերություններ։ «Ֆլեքսիբլ ափլիքեյշնս» նորաստեղծ ընկերությունը ներկայացրել էր «Հաճախորդների կառավարման համակարգը», որը նախատեսված է աշխատաժամանակի ավտոմատ հաշվարկման համար։
«Այս համակարգը ինտեգրացված է տվյալներ կարդացող տարբեր սարքերի հետ, ինչպես մատնահետք կարդացող սարքի հետ, այնպես էլ անվանաքարտ (բեյջ) կարդացող սարքերի հետ»,- ասաց «Ֆլեքսիբլ ափլիքեյշնս» ընկերության ներկայացուցիչ Տաթեւիկ Սահրադյանը՝ ավելացնելով, որ համակարգը հնարավորություն է տալիս ճշգրիտ ֆիքսել աշխատակիցների մուտքի եւ ելքի ժամերը՝ մատնահետքով կամ անվանաքարտի միջոցով։
Մեկ այլ՝ «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս» ընկերությունը ներկայացրել էր «Էլեկտրոնային խորհրդարան» նախագիծը, որն ապահովում է խորհրդարանի արդյունավետ գործունեությունն ու թափանցիկությունը։ « «Էլետրոնային խորհրդարան» նախագծի մի մասն է կազմում պորտալ ստեղծելը, որտեղ դրվելու են բոլոր նախագծերը, ինչը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին՝ ծանոթանալ այն բոլոր նախագծերին, որոնք քննարկվում են խորհրդարանում եւ իրենց կարծիքն արտահայտել այդ ուղղությամբ»,- ասաց «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս» ընկերության ներկայացուցիչ Լուսինե Իսակովան՝ ավելացնելով, որ նախագիծը հնարավորություն է տալու նաեւ ԱԺ պատգամավորներին քվեարկություն կատարել՝ առանց խորհրդարանում լինելու՝ հեռակա կարգով։ Իսակովայի խոսքով՝ այս նախագիծը իրենք շուտով կներկայացնեն խորհրդարանում։
Նշենք, որ այս տարի առաջին անգամ «DigiTec Business 2010»-ն առանձնանում է արտասահմանյան ընկերությունների լուրջ մասնակցությամբ։ Ֆորումին ներկա են պատվիրակություններ՝ Ալբանիայից, Մոլդովայից, Մակեդոնիայից, Բուլղարիայից, Բոսնիա և Հերցոգովինայից, Հոլանդիայից, Կոսովոյից, որոնց համար ցուցահանդեսում ստեղծվել է հատուկ ՏՀՏ անկյուն:
Տեղեկացնենք, որ «DigiTec Business 2010» ֆորում-ցուցահանդեսը Երեւանում անցկացվում է արդեն 3-րդ անգամ։


























