Մշակութային  հեղափոխության անհրաժեշտություն ունենք, պահը հասունացել է: Հունիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը: Սակայն նա չնշեց, թե ինչ տարբերակով պետք է կատարվի այդ հեղափոխությունը:

Դավիթ Ամալյանի խոսքով, այսօր այն մարդկանց, ովքեր ասելիք ունեն արվեստում, չեն թողնում արտահայտվել:

«Այնպես են կազմակերպում, որ դու չես էլ կարողանում բողոքես, ասես ինչո՞ւ է այսպես: Ես մենահամերգ էի պատրաստում, բայց հանեցի, որովհետեւ համերգից մի ամիս առաջ հասկացա, որ ես չեմ կարողանալու տոմս վաճառել»,-նշեց նա՝ հավելելով, որ այս ամենում չի բացառում քաղաքական միտումնավորության գործոնը:

Դավիթ Ամալյանի խոսքով, այսօր նրանց, ովքեր չեն քծնում, թույլ չեն տալիս ասպարեզ դուրս գալ:

Երգչի համոզմամբ, սակայն, իրական մտավորականը սկսվում է ռազմադաշտից: «Պարտադիր չէ, որ կոնկրետ կրակող լինի, Չարենցը չմտածեց, որ իր զենքը գրիչն է: Չգիտես ինչու ճանապարհների վրա հանդիպող «Իմ զենքը իմ ...» հայտնի գովազդներում՝ ով ինչ վերցրել է ձեռքը իր  զենքն է՝ մեկինը դաշնամուրը, մյուսինը..., եթե ժամանակը գա... Չէ ախպեր ջան, ժամանակը եկել էր,  20 տարի է անցել,  ոչ մեկի զենքը զենքը չէ»: Նա նաեւ հավելեց, որ Արկադի Տեր-Թադեւոսյանի եւ մի խումբ այլ մարդկանց հետ հանդես են գալու գովազդային վահանակների վրայից «Իմ զենքը իմ ...» պաստառները հանելու առաջարկությամբ:

Դավիթ Ամալյանը նաեւ նշեց, որ ինքը դեմ է օտարալեզու դպրոցներ բացելու կառավարության նախաձեռնությանը:

«Լեզու իմանալը հարստություն է, բայց օտար լեզվով դպրոց բացելը դավաճանություն»,-հավելեց երգիչը:

Ի դեպ նա նշեց, որ շուտով Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ է նկարահանելու: